ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Պատմության բոլոր կարևոր իրադարձությունները սկսել են անհատները

Պատմության բոլոր կարևոր իրադարձությունները սկսել են անհատները
02.07.2013 | 00:04

Երբ հունիսի 5-ին զրուցում էի Սարգիս Հացպանյանի հետ, Թաքսիմի դեպքերն այնպես էր ներկայացնում, որ պատմությունը պտտվում էր հայկական տարածքում, հայկական գերեզմանների վրա ու համարյա թե հայկական հարցի լուծման հետևանք էր ունենալու: Այդ ամենը այդպես է, բայց այդ մասին գիտենք մենք: Թուրքերը չգիտեն, իսկ ովքեր գիտեն, չեն ընդունում: Մենք ուզում ենք հավատալ, որ մի օր կընդունեն, բայց ոչ մենք, ոչ նրանք չգիտեն, թե այդ օրը ինչ կլինի: Հունիսի 28-ին «Կոնգրես» հյուրանոցում Գլոբալացման և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի և «ARI» ¥թարգմանաբար` մեղու¤ շարժման հետ համատեղ «Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականությունը և հայ-թուրքական հարաբերությունները» թեմայով քննարկում էր կազմակերպել: Ինչպես սովորաբար լինում է ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ գլխավորած կազմակերպության միջոցառումներում, քննարկմանը ներկա էին դիվանագետներ, գիտնականներ, հասարակական կազմակերպությունների, Հայաստանում բնակվող այլազգիների կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսանողներ: Քննարկման աղը «ARI» շարժման թուրք 9 անդամներն էին` երիտասարդ փորձագետներ, գիտնականներ, որ ուսանել են Մեծ Բրիտանիայի ու ԱՄՆ-ի համալսարաններում: Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի հայկական մասնաճյուղի տնօրեն ՆԱԻՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ քննարկման նպատակը համարեց երկու պետությունների հարաբերությունների բարելավումը: Տիկին Գևորգյանը նշեց, որ Էբերտի հիմնադրամը սատարում է հասարակական կազմակերպությունների նախաձեռնությունները, որոնք ուղղված են փոխհարաբերությունների հաստատմանը, երկխոսության կայացմանը: «ARI» շարժման տնօրեն, Լոնդոնի Ռոյալ Հալլոուեյ համալսարանի միջազգային հարաբերությունների քաղաքագիտության բաժնի տնօրեն ՄԵՐԹ ԽԱՅՀԱՆԸ քննարկումը համարեց մտքերի փոխանակման և հետագա բարգավաճ հարաբերություններ հաստատելու հնարավորություն:
«Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգությունը և միջազգային դերակատարները» կտրվածքով իր խոսքում Ստեփան Գրիգորյանը նշեց, որ վերջին զարգացումները ևս մեկ անգամ վկայեցին` Հարավային Կովկասը փոքր տարածք է, բայց մեծ ազդեցություն ունի աշխարհում ընթացող շատ ու շատ գործընթացների վրա, տարածքում մեծացել է գերտերությունների շահերի կենտրոնացումը: Պարոն Գրիգորյանը հիշեցրեց տարածաշրջանի էներգետիկ նախագծերը, ՀԿ երկրների մասնակցությունը խաղաղապահ գործողություններին, Եվրասիական միություն, թե Եվրամիություն քննարկումները. «Պատկերացրեք` ինչքան մենք կարևոր ենք, որ Ռուսաստանը նման քայլեր է ձեռնարկում, որ չստորագրենք ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը: Եվրոպական քաղաքականության լուրջ դեմքեր կոչ են անում կողմնորոշվել` կամ այստեղ եք, կամ այնտեղ: Դա նշանակում է, որ այս խաչմերուկում հատվում են շատ ու շատ շահեր: Մեր դերը բարձրանում է մի կողմից, մյուս կողմից` մեծանում է լարվածությունը տարածաշրջանում: Եկեք մտածենք` ինչ անենք, որ մեր դերի բարձրացումը նպաստի մեր կյանքի ու պետությունների հարաբերությունների բարելավմանը»: Ստեփան Գրիգորյանը համոզված է, որ տարածաշրջանը որակապես կփոխվի, եթե փոխվեն հայ-թուրքական հարաբերությունները, եթե սահմանը բացվի: Ինքնին հասկանալի է, որ դա ոչ միայն Հայաստանի ու Թուրքիայի սահմանն է, այլև ՆԱՏՕ-ՀԱՊԿ, ՆԱՏՕ-ԱՊՀ, բոլոր ածանցյալ հետևանքներով: Պարոն Գրիգորյանը մեկ առ մեկ անդրադարձավ տարածաշրջանի պետությունների և գերտերությունների տարածաշրջանում ունեցած շահերին: «Շատ հետաքրքիր է Իրանի դերը մեր տարածաշրջանում և այդ դերը մեծանում է` շնորհիվ էներգետիկ ոլորտի ծրագրերի բոլոր երեք երկրների հետ: Իրանը ցույց է տալիս, որ քրիստոնյա ու մահմեդական ժողովուրդները կարող են նորմալ ապրել ու համագործակցել միմյանց հետ»,-ասաց պարոն Գրիգորյանը: Թուրքիայի քաղաքականությանն անդրադառնալով` նա նկատեց, որ Ղարաբաղի հարցում միակողմանի մոտեցումը զգալիորեն նվազեցնում է տարածաշրջանի գործընթացների վրա ներգործության հնարավորությունները:
Նույն թեմայով իր ելույթի սկզբում Մերթ Խայհանը հիշեցրեց Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» պատմվածքն ու ասաց, որ պատմությունը հիշում է միայն հաղթողներին, բայց նույն այդ պատմությունը պետք է դիտարկել կետի տեսակետից` պատմության օբյեկտի: Պարոն Խայհանը համառորեն հորդորում էր ուշադրություն դարձնել անհատի դիրքորոշմանը, անհատի մտածելակերպին ու գործողություններին: Անհատի, այլ ոչ թե քաղաքացու: Որովհետև քաղաքացին կապված է պետության հետ: Նա ուշադրություն հրավիրեց անվտանգության փոփոխվող հասկացությանը ժամանակակից աշխարհում: Գեզիի շարժմանը, նրա կարծիքով, մասնակցում են ոչ թե քաղաքացիներ, այլ անհատներ, և քաղաքացիական հասարակությունը կարող է իր դերը կատարել մտածողության պարադիգմատիկ փոփոխության մեջ, պետական անվտանգությունից անցնելով դեպի անհատի անվտանգություն: Մերթ Խայհանը ժողովրդավարությունը նմանեցրեց հեծանիվ վարելուն` պիտի առաջ շարժվես, երբ կանգնես` կընկնես: Ժողովրդավարացման ալիքը Թուրքիայում սկսվեց 2002 թ., բայց երիտասարդները և սովորական մարդիկ հիմա ավելին են պահանջում: Գեզիի շարժումը համեմատում են արաբական գարնան հետ: Պարոն Խայհանը ճիշտ չի համարում համեմատությունը, երիտասարդները Թուրքիայում չեն ուզում վարչակարգ փոխել, չեն պահանջում ինստիտուցիոնալ փոփոխություն, քաղաքականության մեջ մտնել չեն ուզում: Բայց դա Թուրքիայի կառավարությունը չի ընկալում: Վարչապետ Էրդողանը երիտասարդներին հրավիրել էր քաղաքական խոսակցության: Մինչդեռ նրանք մտածում են` ովքե՞ր ենք մենք, որ ասենք ինչպես քաղաքականություն վարել: Մերթ Խայհանը համոզված է, որ Գեզիի շարժումը սխալ է մեկնաբանվել. երիտասարդները կանոնավոր քաղաքականության չեն ձգտում: Նրանք գիտեն, որ քաղաքականությանը կարող են մասնակցել տարբեր ձևերով և ձգտում են անհատական իրավունքների ու ազատությունների: Դա հեշտ չէ հասկանալ, եթե քննարկվի պետական անվտանգության տեսակետից: Նրա կարծիքով` տարածաշրջանում իշխում է այն գիտակցությունը, որ պետությունը վեր է ամեն ինչից, բայց այդ մտածելակերպը խոցելի է դարձնում անհատին, պետությունն ունի իր պաշտպանական մեխանիզմները, անհատն էլ իր մեխանիզմները պիտի ունենա, ուստի հարցին դիալեկտիկ լուծումներ են պետք:
Հարցի քննարկմանը հետևած հարց ու պատասխանի ժամանակ ԲՈՒՐԱԿ ԲԻԼԳԵՀԵՄ ՕԶԲԵԿԸ հետաքրքիր ձևակերպում տվեց Թուրքիայի արտաքին քաղաքականությանը` քո թշնամին դառնում է իմ ընկերը, քո ընկերը դառնում է իմ թշնամին, և հարցրեց` ո՞վ է, ուրեմն, մեր ընկերը: Նա հիշեցրեց, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Թուրքիայի վարչապետ Էրդողանի ընկերն էր, բայց Էրդողանը դարձավ Ասադի թշնամին, և խաղաղությունը տապալվեց: Մտածողության պարադիգմայի փոփոխությունը նշանակում է, որ եթե նույնիսկ չես ուզում, ստիպված ես խաղաղություն ստեղծել: Օզբեկը ևս այն կարծիքին է, որ երիտասարդները չեն ուզում լինել գործակցության անդամ, նրանք ուզում են լինել անհատ և չունենալով քաղաքական պահանջներ` պայքարում են իրենց անձնական ազատության համար: Անհատների թելադրանքը կարևորելով` նա նաև համոզված է, որ Թուրքիայում անհատները պետք է ստիպեն բացել Հայաստանի հետ սահմանը:
«Հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակը, դեպի հայ-թուրքական հարաբերությունների դրական զարգացում» հունով ընթացավ քննարկման երկրորդ մասը: «Turkish Review» պարբերականի գրական խմբագիր, ԱՄՆ-ի Քլարք համալսարանում աշխատող ՈՒՄԻՏ ՔՈՒՐՏԸ հայ-թուրքական հարաբերությունների համառոտ ակնարկով հիշեցրեց, որ Թուրքիան ճանաչեց Հայաստանի անկախությունը, բայց դիվանագիտական հարաբերությունները չկայացան: Երբ Թուրքիան սահմանը փակեց, Հայաստանը տուժեց առավելագույնը: Թուրքիան չի ընդունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայերի ցեղասպանությունը, հայ-թուրքական թշնամանքը ձևավորեց Ղարաբաղի հարցում Թուրքիայի դիրքորոշումը, Հայաստանը չի ճանաչում Կարսի պայմանագիրը, դա նույնպես ազդում է հարաբերությունների վրա: ՈՒմիտ Քուրտն առանձնացրեց նաև հայկական սփյուռքի դերը, նշելով, որ Թուրքիան չի ընդունում սփյուռքի ճնշումները: Ֆուտբոլային դիվանագիտությունը, որի ձեռքբերումը դարձավ երկու երկրների նախագահների հանդիպումը, հայ-թուրքական հարաբերությունների նոր փուլ էր, ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրություններ, բայց չվավերացվեցին երկու երկրներում էլ: Թեպետ Հայաստանը դարձել էր Թուրքիայի արտաքին քաղաքականության կարևոր հարց, Լեռնային Ղարաբաղի հարցը խոչընդոտեց արձանագրությունների ստորագրմանը: Ադրբեջանը ոչ մի կերպ չէր ցանկանում նպաստել հարաբերությունների կարգավորմանը, քանի դեռ Ղարաբաղի հարցը լուծված չէ: Հայ-թուրքական հարաբերությունների բացակայությունը թույլ չի տալիս, որ Թուրքիան դառնա տարածաշրջանային դերակատար: Նրա գնահատմամբ, հայ-թուրքական հարաբերությունները նորից փակուղում են: «1915 թ. իրադարձությունները ցեղասպանություն էին, և դրանց ազդեցությունը մեծ կմնա հայ-թուրքական հարաբերություններում, բայց անհրաժեշտ է որոնել երկխոսության որոշակի ուղիներ, քաղաքական բարդ խնդիրներ լուծելու փոխարեն կարելի է քայլեր ձեռնարկել քաղաքացիական հասարակության մակարդակներում, քայլերը դանդաղ կլինեն, բայց երկխոսությունը պետք է սկսել»,- ասաց ՈՒմիտ Քուրտը:
Երևանի մամուլի ակումբի նախագահ ԲՈՐԻՍ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ հայ-թուրքական արձանագրությունները համարում է հնարք, որով Թուրքիայի իշխանությունները փորձեցին թուլացնել ցեղասպանության ճանաչման գործընթացն աշխարհում: Թեպետ մեր դիվանագետները պնդում էին, որ այդպես չէ, բայց արդեն փոխարտգործնախարարի մակարդակով ընդունվում է, որ արձանագրությունների ստորագրումը պասիվացրեց ցեղասպանության ճանաչման գործընթացը: «Հնարավո՞ր է իրատեսական համարել արձանագրությունների առաջընթացը» հարցին Բորիս Նավասարդյանը պատասխանում է` ոչ, քանի որ Հայաստանի և Թուրքիայի միջև բովանդակային փաստաթուղթը լուրջ դիմադրության է հանդիպելու և լուրջ հակասություններ է հարուցելու: Հենց դա էլ բարդացնում է արձանագրությունների վերաբերյալ որևէ երկխոսության վերսկսումը: Եթե դիվանագիտական հարաբերությունների հաստատումը նորից մտնի քաղաքական օրակարգ, սեղանին պիտի լինի պարզ, տեխնիկական փաստաթուղթ: «Հայաստանի նկատմամբ քաղաքականության ձևավորման առումով Ադրբեջանը որպես երրորդ երկիր ավելի մեծ ազդեցություն ունեցավ Թուրքիայի իշխանությունների վրա, քան Թուրքիան կարող էր ազդեցություն ունենալ Ադրբեջանի վրա հայ-ադրբեջանական հարաբերությունների առումով: Հետաքրքիր է, որ ավելի թույլ երկիրը իր քաղաքականությունն է թելադրում ավելի ուժեղ երկրին»,- նկատեց Երևանի մամուլի ակումբի նախագահը: Նա կարծում է, որ երկու երկրները գնացին երրորդ երկրների` ԱՄՆ-ի, Շվեյցարիայի թելադրած ճանապարհով, որը արագ դիվանագիտական հաջողություն էր խոստանում, բայց ոչ նպատակի իրականացում: Ապագայի համար այս հանգամանքը պետք է հաշվի առնել` երկկողմանի մակարդակի վրա լուծելով խնդիրը, ոչ թե երրորդ կողմի խորհուրդներով: Բորիս Նավասարդյանը կարծում է, որ Հայաստանը պետական մակարդակով երբեք այդքան հետևողական չի եղել ցեղասպանության ճանաչման հարցում, որքան հիմա: Նա դեմ է նաև հայ սփյուռքի թուրքական ընկալմանը, պնդելով, որ տարիներ շարունակ թուրքերը միակողմանի են դիտարկում խնդիրը, բայց սփյուռքը, որ ձևավորվել է ցեղասպանության պատճառով, փոխվում է: Ի սկզբանե էլ սփյուռքը նպաստող, ոչ թե խանգարող գործոն է եղել, այսօր հայկական սփյուռքը հեռանում է ավանդական կուսակցությունների ազդեցությունից, կան հոսանքներ, որ պատրաստ են նպաստելու հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը;
Այս հարցի քննարկման ժամանակ թուրք բանախոս Մերթ Խայհանին ուղղակի հարց առաջադրվեց` «Դուք որպես անհատ ընդունո՞ւմ եք Հայոց ցեղասպանությունը», և մինչ թերահավատ սպասում էին նրա պատասխանին` իբրև դիվանագիտական հերթական ձևակերպում Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած «անկարգությունների» մասին, հնչեց թարգմանչի հանգիստ ձայնը. «Այո՛, ընդունում եմ` դա ցեղասպանություն էր»: Իսկ հետո պարոն Խայհանը հիշեցրեց Հրանտ Դինքի վերջին հոդվածը, որտեղ հստակ ձևակերպում կար. «Պետք է ազատվել արյան մեջ եղած թույնից և ազատ շարժվել առաջ»: Ճիշտ է, պարոն Խայհանը չմանրամասնեց իր կարծիքը, թե թույնը ում արյան մեջ է` թուրքերի՞, թե՞ հայերի: Եվ գուցե ճիշտ արեց: «Ես ընդունում եմ ցեղասպանությունը ու ես տեղում կանգնած չեմ մնում, ես փորձում եմ առաջ շարժվել, երկու հարևան երկրները կարող են ավելի լավ ապագա տալ իրենց երեխաներին: Դա է պատճառը, որ ես մտածում եմ` երկու հարևան երկրներում հասարակությունները կարող են ձեռք ձեռքի տված կերտել ավելի լավ ապագա և իրենց, և իրենց հարևան մյուս երկրների համար»,- ասաց Մերթ Խայհանը: Ստեփան Գրիգորյանը կարծում է, որ հայկական ժառանգությունը Թուրքիայում այնքան մեծ է, որ շրջանցել հնարավոր չէ և մասնագիտական շփումները պետք է շարունակվեն: Թուրքիայում այսօր հասարակական շատ գործիչներ կան, որ պատրաստ են այդ փակ էջերը բացելու: Դա շատ կարևոր է թե՛ Հայաստանի, թե՛ Թուրքիայի համար: Թեպետ պաշտոնական մակարդակով գործընթացներ չկան, բայց հայ-թուրքական հարաբերությունների պատմությունը պետք է շարունակվի մարդկային շփումների մակարդակում: Ստեփան Գրիգորյանը չի բացառում, որ ի հետևանս Գեզիի իրադարձությունների, մտածելով երկրի իմիջի մասին` Անկարան վերհիշի «Հարևանների հետ 0 պրոբլեմներ» կարգախոսը և թուրք-հայկական հարաբերությունները վերադարձնի քաղաքական օրակարգ: 2008-ի ընտրություններից հետո հայ-թուրքական հարաբերությունների հաստատման փորձերը լեգիտիմացրին Հայաստանի իշխանությանը` անսպասելի քայլը փայլուն աշխատեց միջազգային ասպարեզում հօգուտ երկրի իմիջի, նույն հնարքը կարող է կրկնել Թուրքիան: Նա հիշեցրեց, որ հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանի օրակարգում պահելը քննադատվում է Հայաստանում, որովհետև ստացվում է` պաշտոնական Երևանը բաց է երկխոսության շարունակման համար, իսկ Անկարայից արձագանք չկա: Նրան, այնուամենայնիվ, զարմացնում էր, թե ինչու են այդքան նույնանում Թուրքիայի ու Ադրբեջանի արտաքին քաղաքականությունները: Ինչու Թուրքիան ճանաչեց Կոսովոյի անկախությունը, բայց դեմ է Ղարաբաղի անկախությանը: Հայ-թուրքական հարաբերությունները պետք է տարանջատվեն հայ-ադրբեջանական հարաբերություններից, համոզված է Ստեփան Գրիգորյանը: Ղարաբաղի հարցի լուծման արագ առաջընթաց սպասելը շատ միամիտ է, մեկուկես տարի նախագահները չեն հանդիպել, արտգործնախարարների հանդիպումն է արդեն խնդիր դարձել` այս համապատկերում դժվար է դրական գործընթաց ակնկալել տեսանելի ապագայում: Սպասել, որ դրանից հետո հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց կլինի, ժամանակի կորուստ է: Առավել ևս, ինչպես Յումիտ Քուրտը հիշեցրեց, արձանագրություններում Ղարաբաղի խնդիրն արծարծված չէ:
Փաստորեն, Թուրքիայի քաղաքական ու իրավական միտքը մեզնից առաջ է անցել. մինչ մենք «ՈՒժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր»-ի համեստ հմայքով սպասում ենք, որ Թուրքիան կընդունի ցեղասպանության փաստը, մենք էլ ևս մեկ հարյուրամյակ բարոյական հաղթանակի շողերի մեջ կջերմանանք, Թուրքիան ոչ բարձրաձայն, բայց արդեն ունի իր «այո»-ն և ունի իր «բայց»-ը: Ի՞նչ է հետևելու ճանաչմանը: Այս եզրակացությունը միայն թուրք 9 երիտասարդների հետ հանդիպումից չի ձևավորվել: Դեռ 2005 թվականին, երբ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց թուրք հեռուստալրագրողներին, նախքան տեսագրությունը սկսելը նրանց խոսակցության մեջ անընդհատ հնչում էր «թոփրակ» բառը, այնքան հաճախ էր հնչում, որ հարցրի` ի՞նչ է նշանակում: ՈՒ հետևեց խոսուն պատասխան` հող: Եվ Հայաստանի Ազգային ժողովի նախագահի հետ էլ խոսակցությունը պտտվում էր «թոփրակի» շուրջ: 2005-ին: Իհարկե, ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի քաղաքական օրակարգում չկա ու չի էլ լինի առաջիկայում, հակառակը` 100-ամյակի փաստը մի վերջին անգամ ժխտման բուռն ալիք է բարձրացնելու: Բայց արդեն որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ ամենաբուռն ժխտումը ամենաանկեղծ հաստատման խոստովանություն է իրականում: Ի՞նչ է կատարվում հիմա Թուրքիայում, ի՞նչ հետևանքներ կունենա Գեզիի շարժումը երկրի քաղաքական կյանքում, ի՞նչ արդյունքներ կունենան 2014-ի նախագահական ընտրությունները` հարցեր են, որ վերաբերում են նաև մեզ: Շատ ավելի վճռական ու կարևոր լինելով, քան մենք նույնիսկ պատկերացնում ենք: Թուրք երիտասարդները առաջարկում են գնալ անհատներին իբրև առանցք ունենալու քաղաքականությամբ, բայց ի՞նչ դեր ունեն այդ անհատները իրենց հասարակական կյանքում: 70-80-միլիոնանոց Թուրքիայում անհատների ինքնագիտակցության վրա հիմնվելով քաղաքականություն կառուցելը որևէ հարց լուծելու համար քանի՞ հարյուրամյակ կպահանջի: Այս հարցի պատասխանը սահմանի ոչ այն, ոչ այս կողմում որևէ մեկը չունի: «ARI» շարժման ներկայացուցիչները մտահոգ հարցնում էին` դուք ի՞նչ եք առաջարկում: Մենք գոնե անհատների հասարակություն ենք ուզում ստեղծել, դուք ինչպե՞ս եք հարցի լուծումը տեսնում: Պատասխանը հոդաբաշխ չէր: Յումիտ Քուրտը անկեղծ ասաց, որ սկսելով շարժումը ոչ ոք չգիտեր ու հիմա էլ շատ քչերը գիտեն, որ Գեզին հին հայկական տարածք է, գերեզմանոց` սրբավայր, Մերթ Խայհանը կոչ էր անում անհատների նկատմամբ հավատը չկորցնել, իսկ Բորիս Նավասարդյանը միանգամայն իրավացիորեն նկատեց, որ այս թեմաներից արդեն հոգնածություն է ծորում, որովհետև քննարկումները մի քանի տարի պտտվում են նույն հարցերի շուրջ, իսկ լուծումներ չկան: Եվ հոգնածությունն արդեն հասարակական մակարդակում է: Երկու Թուրքիաների հստակ հակադրում էր զգացվում` միայնակ փիլիսոփաներ և կազմակերպված պետություն: Առայժմ հաղթում է երկրորդը, առաջինի հաղթանակի ժամանակը դեռևս չի եկել: Կգա, թե ոչ` հայտնի չէ: Սա Արևելքն է, որտեղ գլուխները` անհատի, թե իրեն անհատ չհամարող-չզգացողի, արագ են թռչում ուսերից` պաշտոնական ու անձնական մակարդակներում: Փիլիսոփաների ժամանակն Աթենքում ավարտվեց Սոկրատեսին ցիկուտա տալով: 21-րդ դարը սքանչելի հնարավորություն է` հերքելու աթենական դեմոկրատիայի «նվաճումները» և հակադրելու ու հաստատելու իր փիլիսոփայությունը: Բայց մենք ի՞նչ անենք: Մեր ժամանակներում խոսքի ու գործի տարբերությունն է հիմնական առանձնահատկությունը: Մտածողության պարադիգմայի փոփոխությունը մեր գիտակցության մեջ մարաթոնյան վազք է կրիայի կատարմամբ, որ մտածում է` գլուխը պատյանից հանի՞, թե՞ դրսում իր համար անհրաժեշտ պայմաններ դեռ չեն ստեղծել:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Հավարտ քննարկման Ստեփան Գրիգորյանին հարցրի, թե որն է լինելու հաջորդ քայլը: Պատասխանեց` «Այցելություն ու քննարկումներ արդեն Թուրքիայում»: Օրակա՞րգը: «Հիմա մեծ խնդիրներ չպետք է դնել, քննարկումներ ու միմյանց տեսակետներին տեղեկանալ: Առաջին հերթին` երիտասարդ, տաղանդավոր պատմաբանների, հասարակական կազմակերպությունների: Գործընթացը պետք է շարունակվի: Մեր ասելիքը Թուրքիայում պետք է տեղ հասցնենք, այսօր երկու շատ հայտնի երիտասարդ գիտնականներ ասացին` «Այո, 1915 թ. ցեղասպանություն էր», չշարունակե՞նք խորացնել գործընթացը: Ի վերջո, պատմության բոլոր կարևոր իրադարձությունները սկսվել են անհատներից»` հնչեց պատասխանը: Տարբերակ է, ինչո՞ւ ոչ:

Դիտվել է՝ 2559

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ